Չիլիացի գրող Իսաբել Ալիենդեին շնորհվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան գրական մրցանակ: «Հոգիների տունը» վեպի հեղինակը մրցանակը ստացել է կիրակի: Մրցանակը նրան է հանձնել Դանիայի գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Անդերսենի գրական մրցանակ շնորհվում է այն հեղինակներին, որոնց աշխատանքներն ինչ-որ կերպ նման են Անդերսենի ստեղծագործություններին՝ մոտ են ժանրով, ոճով կամ գաղափարապես:Ալիենդեին պարգևատրել են որպես կախարդական հեքիաթասացի, որը կարող է հմայել իր ընթերցողներին: Դրամական մրցանակը կազմում է 86 հազար դոլար:
Իսաբել Ալիենդեն լատինաամերիկացի հռչակավոր գրողներից մեկն է, որի ստեղծագործությունները թարգմանվել են 30 լեզուներով: Նա գրել է 20 վեպ: Նրան մեծ ճանաչում է բերել «Հոգիների տունը» (1982), որը 1993 թվականին էկրանավորվել է: Նա զբաղվել է նաև հեռուստալրագրությամբ, համարվում է կանանց իրավունքների մարտիկ:
Անդերսենի անվան գրական մրցանակը հիմնվել է 2010 թվականին: Այդ ժամանակ դափնեկիր է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը:










































