Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ խմբակցության նիստը: ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին չհայտնեց, թե նիստի ժամանակ ինչ են որոշել:
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել նիստին: Նաիրա Զոհարբյանը հայտնեց, որ նա Հայաստանում չէ: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իրենց թույլ չի տվել, որ ԱԺ նիստի ժամանակ դահլիճում պատգամավորներին բաժանեն Օսկանյանի անմեղությունն ապացուցող և դատախազի միջնորդագրի ոչ իրավաչափ լինելու մասին փաստաթղթերի փաթեթը:
ԲՀԿ խմբակցության աշխատակիցները դահլիճի դռներից էին այն բաժանում պատգամավորներին: Տ. Ուրիխանյանը և Ն. Զոհրաբյանը չնշեցին, թե ինչպե՞ս են քվեարկելու, քվեարկելո՞ւ են, թե՞ բոյկոտելու:
Նաիրա Զոհարբյանը նաև ավելացրեց, որ իշխանությունների այս գործողությունները ուղղված են ոչ այնքան Օսկանյանի, որքան ԲՀԿ-ի դեմ: Նա ասաց, որ ԲՀԿ համագումարից և կոալիցիային չմիանալուց հետո իրենց համար արդեն ակնհայտ էր, որ իրենց նկատմամբ նման գործողություններ կլինեն:
Հարցին, իսկ հնարավո՞ր է, որ այս ամենը արվում է ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու և Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու համար, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, իշխանություններին հարցրեք»:
ԱԺ նախագա Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը կքննարկվի նախորդ քառօրյայում ընդհատված հարցի քննարկումից հետո։
Ասենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեռևս ԱԺ չի ներկայացել։










































