1989թ. այս օրը Գանձասարում Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց առաջին պատարագը:
Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի 1989թ. կոնդակով Արցախի թեմը վերաբացվեց ու վերաօծվեց Գանձասարի վանքը, ինչը պատմական նշանակություն ունեցավ և վճռորոշ դեր խաղաց արցախահայության կյանքում:
Արցախի թեմն իր վերաբացման օրվանից ճաշակեց պատերազմի դառը ժամանակները և ստիպված եղավ գործել ոչ բնականոն` արտակարգ իրավճակներում: Արցախի ժողովուրդը չկորցրեց հավատի ամրությունն ու հոգևոր հավասարակշռությունը:
Գանձասարը վանական համալիր է Արցախում՝ Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։








































