Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ռուսաստանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր անձնակազմին: Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «Ալ-Վաթան» թերթին Սիրիայի ազատ բանակի մայոր Մախիր Ալ-Նաիմին պատմել է, որ Ռուսաստանի քաղաքացիները սեպտեմբերի 29-ի առավոտյան սկսել են նավ բարձրանալ:
Սպան հայտնել է, որ խոսքը ռուսների տարհանման երկրորդ փուլի մասին է: Առաջինի ժամանակ`սեպտեմբերի 9-ին, ռուս զինվորականներն ու քաղաքացիական մասնագետները կենտրոնացվել էին Տարտուսում: Այժմ նրանք, ինչպես նաև ռազմական տեխնիկան, բեռնվում են ռուսական և կիպրոսյան նավեր:
«Ռուսները հասկացան, որ մենք հաղթել ենք, իսկ հաշվի առնելով նրանց մտերմությունը Ասադի հետ և ապստամբությունը ճնշելու հարցում ունեցած դերակատարումը, ռուս սպաների ողջ մնալու հավանականությունը քիչ էր: Տարտուսից նրանց հեռանալուց հետո Մոսկվայի կողմից օկուպացված սիրիական հողը կազատագրվի»,- վստահեցրել է Ալ-Նաիմին:








































