«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
Ժողովրդական կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել 2013 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի թեկնածությունը: Մինչ այդ, Տիգրան Կարապետյանը մի քանի անգամ առիթ ունեցել էր հայտարարելու, որ չի ուզում հուսախաբ անել իր ընտրազանգվածին և անպայման առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի հետ:
– Պարոն Կարապետյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք նախագահական ընտրություններից՝ հաշվի առնելով, որ այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքից հիասթափված էիք և անգամ մի քանի ամսով լքեցիք Հայաստանը:
– Յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր երևույթի կարելի ա հարց տալ՝ դուք ի՞նչ ակնկալիք ունեք ձեր աշխատանքից: Ես քաղաքական գործիչ եմ, դա քաղաքական գործընթաց ա: Ընդհանրապես գոհ կամ դժգոհ, ըտենց բաներ չկան: Կա իրականություն ու էն ուժերը, որոնք քո դեմ պայքարում են:
– Հաշվի անելով նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ հնարավորություններ ունի Ձեր կուսակցությունը նախագահական ընտրություններում:
– Իմ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից 40 հազար ձայն ա ստացել: Բայց 40 հազար մարդ, որ ինձ ձայն են տալիս, դա քիչ ա՞: Էսօր 40 են տալիս, վաղը կարող ա 340 տան: Ժողովուրդը եթե 40 տալիս ա, ուրեմն ինչ-որ մի բանի վրա հիմնվում ա, հենց ընենց չի տալիս: Իրանց ինչքա՞ն են տալիս: Էդ որ ասում եք՝ ի՞նչ ակնկալիք ունեք, բա իրանք ի՞նչ ակնկալիք ունեն, եթե փողով են ընտրվում: Թող հլա արդար մրցեն, տենանք իրանք էդ 40 հազարը կհավաքե՞ն: Մեծամասնական ընտրակարգով էլ առաջադրվելով թիվ 17 ընտրատարածքում՝ ես 8000 ձայն եմ ստացել:
– Այս փուլում շատ է քննարկվում ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Ի՞նչ եք կարծում, ի վերջո ընդդիմությունն այսօր ի վիճակի՞ է միասնական թեկնածուով հանդես գալու նախագահական ընտրություններին:
– Ընդդիմություն չկա: Ո՞վ ա ընդդիմություն, ՀԱ՞Կ-ը, որը պայմանավորվել ա ու անցել ա խորհրդարան, որը մինչև ընտրություններ հա ասում էր՝ արտահերթ, արտահերթ: Հիմի էլ նորից ա ասում՝ արտահերթ, ուր ա՞ արտահերթ: Գիտե՞ք ինչ, ուժեր կան, որ ասելու բան չունեն, ձգտում են ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործել:
– Իսկ ԲՀԿ թեկնածուի մասին ի՞նչ կասեք: Խոսակցություններ կան նաև ԲՀԿ առաջնորդի առաջադրման վերաբերյալ: Հավանական համարո՞ւմ եք:
– Ո՛չ, ես համարում եմ, որ իրենք կսատարեն Սերժ Սարգսյանին: Իրենք արդեն ասել են՝ եթե 30 տոկոս մեզ իշխանական ծավալից հատկացնեն, մենք կսատարենք Սերժ Սարգսյանին: Դա նույն կոալիցիան ա, ինչ տարբերություն: Նրանք վարչապետի հավակնություն ունեն:
– Լավ, պարոն Կարապետյան, իշխանություններին այլընտրանք թեկնածու տեսնո՞ւմ եք դաշտում:
– Այլընտրանքը ժողովուրդն ա:







































