Սեպտեմբերի 29-ը 2000 թվականից հայտարարված է Սրտի համաշխարհային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն ասաց, որ Հայաստանում մահացությունների 50 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով. «Սրտանոթային հիվանդությունների մահացությունը 80 տոկոսով կարելի է նվազեցնել՝ ռիսկի գործոնների նվազեցման հաշվին: Այս տարի Սրտի համաշխարհային կոմիտեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ»:
Բժիշկն ասաց, որ կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունները ավելի դժվար են հայտնաբերվում, ուստի նրանք պետք է ավելի ուշադիր լինեն. «Կանայք ավելի համբերատար են, երկար ժամանակ չեն դիմում բժշկի, երկար են ցավին դիմանում, ինչի արդյունքում խորանում է հիվանդությունը: Նրանք պետք է անպայման ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչ պետք է անել այդ դեպքում, Պարունակ Զելվեյանն ասաց, որ պետք է առողջ սնունդ օգտագործել և նստակյաց կյանք չվարել: Սրտի բնականոն աշխատանքի համար շատ կարևոր է չափավոր ուտելը, սննդի մեջ կենդանական ճարպերի նվազեցումը, բուսական յուղերի օգտագործումը, ածխաջրերի և աղի սահմանափակումը:
Հոգեբան Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ սրտի հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել սթրեսներն ու երկարատև հոգեկան ծանր վիճակը. «Պետք չէ փոխել մեզ շրջապատող աշխարհը, պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհը չի փոխվի»:








































