Հայաստանյան սննդամթերք արտադրող ընկերությունները շարունակում են զանազան խախտումներ թույլ տալ՝ վտանգելով սպառողների առողջությունը: Խոսքը խոշոր ընկերությունների մասին է, որոնցում գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է կատարում այս փուլում:
Կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են և՛ վերոնշյալ տեսչության, և՛ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Չնայած տուգանքներին ու նախազգուշացումներին, այս ընկերությունները չեն դադարում մարդկանց առողջության հաշվին գործունեության ծավալումը: Նախորդ տարեվերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» և «Անի կաթ» ընկերությունները տուգանվեցին անբարեխիղճ մրցակցության համար: Այդ թվում՝ «Աշտարակ կաթ»-ը տուգանվեց 50 մլն, «Անի կաթը»` 5 մլն, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերությունը՝ 20 մլն դրամի չափով: Բացի անբարեխիղճ մրցակցությունից, այս ընկերությունների արտադրանքը նաև վնաս էր հասցրել սպառողների առողջությանը: Հանձնաժողովը նշված ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել էր, որ դրանք ներմուծում են մեծ քանակությամբ բուսական յուղեր, մասնավորապես՝ կոկոսի յուղ: Լաբորատոր փորձաքննությամբ էլ հիմնավորվել էր, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ: Այնինչ, ՀՀ կառավարության որոշմամբ, կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ժամանակ արգելվում է բուսական յուղի օգտագործումը (2006թ. դեկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության 1925-Ն որոշում): Մասնագետները փաստում են՝ բուսական յուղերի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Եթե դեռևս նախորդ տարեվերջին կառավարության հիշյալ որոշումը խախտած կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունները ոչ թե տուգանվեին, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկվեին, ապա այսօր Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը նույն և մի շարք այլ ընկերությունների մոտ դժվար թե կոպիտ խախտումներ արձանագրեր:
Ծառայությունը ներկայումս ստուգումներ է կատարում և՛ կաթնամթերք արտադրող ընկերություններում, և՛ թռչնաֆաբրիկաներում: Վերջնական արդյունքները դեռ պատրաստ չեն, սակայն սեպտեմբեր ամսվա ընթացքում ծառայությունը մի քանի հրապարակումներով հանդես եկավ, որոնք մտահոգիչ են: Այսպես, ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել էր նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի` սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ նշված խմբաքանակի ձվերը կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր նաև, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր), ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերի խմբաքանակը թարմ չէ:
Բոլորովին վերջերս էլ ծառայությունը խանութներից վերցված նմուշներում 11 արտադրողների կաթի մեջ սոդա էր հայտնաբերել: Այդ ընկերությունների թվին են պատկանում «Անի», «Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹԽՏ», «Աշտարակ կաթ» և «Մուլտի ագրո» ընկերությունները: Թեև խախտումների համար ընկերությունները վարչական տույժի ենթարկվեցին, սակայն դրանից հաստատ սպառողների տուժած առողջությունը չվերականգնվեց: Ստացվում է, որ խոշոր արտադրողները տուգանքները մուծելուց հետո դարձյալ նույն մեքենայություններին են դիմում: Իսկ կաթնամթերքից առաջին հերթին երեխաներն են օգտվում:
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սննդամթերքում որակական շեղում հայտնաբերելու դեպքում իրենք պարբերաբար տեղեկացնում են նաև ՏՄՊՊՀ-ին: Ըստ նրա՝ Հայաստանում նման օրենսդրություն չի գործում, որպեսզի նմանօրինակ խախտումների դեպքում նաև իրավապահներին դիմեն: «Մեր մասով ապրանքը ոչնչացնում ենք, շուկայից հետ ենք կանչում, ընկերությունների վարչական տույժի ենք ենթարկում: Բայց մենք քրեական և այլ պատասխանատվության ենթարկող չենք»,- ասաց նա: Մասնագետի տեղեկացմամբ, այս փուլում կաթնամթերք արտադրողների մոտ ստուգումները շարունակվում են, վարչական վարույթը ավարտված չէ, պարզապես կասկածելի և վտանգավոր մթերք հայտնաբերելու դեպքում արագ տեղեկացնում են հանրությանը: Մեր այն հարցին թե ինչու է սեպտեմբերի 15-ին արտադրած ձվի վերաբերյալ տեղեկատվությունը սեպտեմբերի 27-ին տարածվել, Պիպոյանը պատասխանեց. «Հետքերով հենց այդ օրը չեն գնացել, քանի որ չենք իմացել: Դա չի նշանակում, որ ամսի 15-ին ձուն մտել ա շուկա, եղել ա վտանգավոր: Մենք նշել ենք, որ կեղևի մոտ եղած խնդիրները կարող են բերել նրան, որ վտանգ լինի: Այսինքն՝ այնպես չէ, որ եթե այսօր այդ ձուն օգտագործենք միանշանակ գործ կունենանք վտանգի հետ»:
Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնի վարիչ Նաիրա Չիչոյանից փորձեցինք պարզել, թե սննդամթերքում հայտնաբերվող բորբոսասնկերն ու խմորասնկերը ինչպես են ազդում մարդու առողջության վրա: Ըստ մասնագետի՝ դրանք ճնշում են օրգանիզմի առողջ միկրոֆլորան: «Գլուխ են բարձրացնում պաթոգեն միկրոբները, որոնք վնաս են հասցնում օրգանիզմին՝ իմունիտետն են գցում, տարբեր օրգան-համակարգեր են ախտահարում: Այսինքն՝ միջավայր է ստեղծվում պաթոգեն օրգանիզմների զարգացման համար: Երեխաների մոտ դիզբակտերիոզները՝ աղիների առողջ ֆլորայի ճնշումը, հենց դրանից է առաջանում, երբ գլուխ է բարձրացնում ախտածին ֆլորան: Ոչ միայն հակաբիոտիկների չարաշահումը, այլ նաև ժամկետանց սնունդը, սննդի բորբոսապատումը մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին: Այդ ամենը հատկապես բացասաբար է ազդում մանկահասակ երեխաների օրգանիզմի վրա, որոնց միկրոֆլորան դեռևս ձևավորված չէ, առաջացնում է իմունտետի անկում: Պատահել է, որ ես պանրիկներ եմ գնել, տեսել եմ բորբոսնած են, չնայած սառնարանում են պահվում, ժամկետն էլ ուժի մեջ է»,- նշեց մասնագետը: Նրա խոսքով՝ արտադրողները պատրաստման տեխնոլոգիաները չեն պահպանում: Ըստ մասնագետի՝ կարևոր է հետևել սննդամթերքի պահպանման կանոններին, պատրաստման տեխնոլոգիաներին, ինչպես նաև չօգտագործել հավելումեր: Սննդային հավելումները շատ հաճախ նպաստում են սնկերի բազմացմանը: «Երբ հավելումները չարաշահում են, սննդամթերքը դառնում է անորակ և վնասակար առողջության համար»,- ասաց մասնագետը:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը սննդամթերք արտադրողներին կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել մանրէաբանական աղտոտման խնդրին, ներդրումներ անել, նոր տեխնոլոգիաներ տեղադրել արտադրամասերում, որպեսզի բացառվեն նման չարաշահումները: Խախտումներ թույլ տվող արտադրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին Արմեն Պողոսյանը պատասխանեց, որ, եթե վնասն ապացուցված չէ, այդ մասին խոսք լինել չի կարող: «Աստված չանի, եթե մի խումբ մարդիկ թունավորվեն, քրեական գործ կհարուցվի: Կարող է ծառայությունը կոնկրետ վնասի դեպքում գործն ուղարկել դատախազություն»,- ասաց նա: Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենց աշխատանքի արդյունքում հասել են նրան, որ ձվերը մակնշվում են: Բայց այսօր էլ հարց է ծագում՝ որքանո՞վ է ճիշտ մակնշման ամսաթիվը: «Մի մակարդակով խնդիրը լուծել ենք, բայց հիմա էլ ձուն ոչ թե թարմ է, այլ ուրիշ ամսաթիվ են դնում: Եկել է նոր կեղծիքների դեմ պայքարելու ժամանակը»,- ասաց սպառողների իրավունքների պաշտպանը: Նա նշեց, որ օրենքների փոփոխման կամ պատժամիջոցների խստացման խնդիր չկա: Հայաստանի օրենսդրությունը բավարար է՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Այլ հարց է, որ օրենքները չեն կիրառվում: «Գործող օրենսդրության շրջանակներում պատշաճ գործելու դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ վերոնշյալ խախտումներից»,- ասաց Արմեն Պողոսյանը:






































