Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի թիկնապահները չեն կարողացել պաշտպանել նրան մահափորձի իմիտացիայից, երբ 26-ամյա Պավել Օնդրոուշը հանգիստ մոտեցել է նախագահին, նրա կոկորդին պլաստմասե ատրճանակ պահել և մի քանի անգամ սեղմել ձգանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Չեխիայի Խրաստավա քաղաքում, որտեղ Վացլավ Կլաուսը մասնակցում էր նոր կամուրջի բացման հանդիսավոր արարողությանը:
«Մահափորձի» պահը նկարահանել է տեղի «Փրայմ» հեռուստաալիքը: Այն, ինչ վայրկենապես ֆիքսել է տեսախցիկը, չեն կարողացել նկատել անվտանգության աշխատակիցները:
Ավելին՝ մի քանի անգամ սեղմելով ձգանը, Օնդրոուշը մնացել է ամբոխի մեջ, և առաջինը, ովքեր նրան բռնել են՝ եղել են լրագրողները. վերջիններիս նա կարճ հայտարարություն է արել: Միայն դրանից հետո է կարգազանցին հաջողվել ձերբակալել: Բայց դա դարձյալ արել են ոչ թե թիկնապահները, այլ տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները:
Փորձագետների կարծիքն այս հարցում համընկնում է. եթե Օնդրոուշի ձեռքին իսկական ատրճանակ լիներ, նա հեշտությամբ կիրականացներ իր մտադրությունը:
Ինքը՝ 71-ամյա Կլաուսը միջադեպին հանգիստ է արձագանքել: Դրանից անմիջապես հետո նա հայտարարել է, որ «ցավոք, շրջապատում շատ են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ» և հետո ավելի ուշ պարզաբանել է, որ «ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ այդ պահին պարզապես հնարավոր չէր վախենալ»:
Չնայած «կրակոցը» պետության նախագահի համար բարեհաջող ավարտ է ունեցել, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ նրա թիկնապահները լուրջ խնդիրներ կունենան:
Անվտանգության հարցերով փորձագետները նշել են, որ մահափորձի իմիտացիան իրականացվել է «չեխական ավանդույթներով», երբ այն իրականացնողը չի ցանկանում սպանել կամ անգամ վիրավորել, այլ այդկերպ իր դժգոհությունն է հայտնում:









































