Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) իր շարքերից վտարել է կոռուպցիան սկանդալի կենտրոնում հայտնված իր պատգամավոր Գյուլյար Ահմեդովային: Այս մասին հայտարարել է ԵԱԿ-ի փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Վերջինիս խոսքերով՝ ԵԱԿ-ը խորապես ափսոսում է տեղի ունեցածի համար. «Գյուլյար Ահմեդովայի պահվածքը համատեղելի չէ ԵԱԿ-ի արժեքների ու սկզբունքների հետ: Ահմեդովայի խարդախությունները ստվեր են նետել իշխող կուսակցության հեղինակության վրա:
Անկասկած է նաև այն, որ Ահմեդովան իր խարդախություններով սպառել է խորհրդարանում ԵԱԿ-ը ներկայացնելու բարոյական իրավունքը: Այդպես է կարծում ԵԱԿ-ի յուրաքանչյուր անդամ: Առանձին անձանց հակակուսակցական քայլերը չեն կարող ստվեր նետել երկրի վարած քաղաքականության վրա»:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Գյուլյար Ահմեդովայի դեմ հարուցվել է քրեական գործ:












































