Գրոզնիի շրջանային դատարանը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը որակել է ծայրահեղական, ինչը նշանակում է` ամբողջ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունը արգելվում է: Այս մասին այսօր տեղեկացրել է RIA Novosti-ն:
Օրենքի համաձայն՝ դատարանի որոշմամբ ծայրահեղական համարվող նյութը ներառվում է ծայրահեղական նյութերի շարքին, և որոշումը գործում է ամբողջ երկրում: Դատարանում որպես հայցվոր կողմ հանդես էր եկել Չեչնիայի ազգային քաղաքականության, տպագրության և տեղեկատվության նախարարությունը:
Ավելի վաղ ֆիլմի ծայրահեղական լինելու մասին էր հայտարարել Գլխավոր դատախազությունը: Համապատասխան հայց էր ներկայացվել Մոսկվայի Տվերի դատարանում: Հայցադիմումի քննությունը նշանակված էր հոկտեմբերի 1-ին, և Գրոզնիի դատարանը հասցրել էր առաջինը կայացնել որոշումը:
Ավելի վաղ Չեխնիայի տարածքում գործող բոլոր ինտերնետ-փրովայդերներն արգելափակել էին մատչումը YouTube-ին, որտեղ տեղադրվել էին կադրեր «Մուսուլմանների անմեղությունից»: Նման քայլի էին դիմել նաև Դաղստանի և այլ շրջանների որոշ փրովայդերներ: