Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ամերիկյան առևտրային պալատում անցկացված միջոցառման ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար: Ես նույնպես աշխատելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանագնացների ու կառավարությունների հետ՝ հուսալով, որ բանակցային գործընթացում կգրանցվի առաջընթաց:
Մենք երբեք չենք հրաժարվի միջնորդական առաքելությունից, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խաղաղությունը միակ պատասխանն է»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Մորնինգսթարը հայտարարել էր, որ երջանիկ կլիներ, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի ունենար իր դիվանագիտական առաքելության ժամանակաշրջանում:









































