Իշխանության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տասնչորսկետանոց պահանջը ոչ թե երկխոսության առաջարկ էր, այլ ուլտիմատում։
Դիմեցինք նաև ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, որը հետևյալ կերպ արձագանքեց իշխանության ընկալմանը. «Ես ասեմ, որ ճիշտ են հասկացել: Իրենք երեք տարի ժամանակ ունեին, որպեսզի կարողանային արդարացնել իրենց ոչ լեգիտիմությունը և փորձեին ժողովրդի վիճակը թեթևացնել: Բայց երեք տարվա ընթացքում ներքաղաքական իրավիճակը չշտկվեց, և դա՝ միայն իշխանությունների մեղքով: Առ այսօր քաղբանտարկյալներ ունենք, առ այսօր բացահայտված չէ մարտի մեկի հանցագործությունը, ու ոչ մեկը դատապարտված չէ, և օրեցօր վատանում է սոցիալական վիճակը: Հետևաբար, ուլտիմատումը ոչ թե ՀԱԿ-ի, այլ ժողովրդի կամքն է, որը արտահայտվեց հանրահավաքով շուրջ վաթսուն հազար ՀՀ քաղաքացիների կողմից»:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, որը երեք տարի շարունակ պայքարել է ժողովրդի իրավունքերի վերականգման համար, բնականաբար, պարտավոր է ժողովրդի կամքը տեղ հասցնել: «Ես դա գնահատում եմ ուլտիմատում, ոչ թե բռնի հեղաշրջման կոչ, այլ համարում եմ, որ իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին»,- եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:












































