Փետրվարի 27-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացավ սուրբ պատարագ, որի ավարտին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի:
Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի ընթացքում միջոցառմանը մասնակցող Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության և արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին 23 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին և դատապարտեցին ոճրագործությունների կազմակերպչներին: Ներկաների առջև ելույթ ունեցան Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը: