Երեկ երեկոյան Հալեպում տեղի ունեցած պայթյունների զոհ է դարձել Վարդան Մութաֆյանը: Երեկ երեկոյան Հալեպի Սուլեյմանիե և Թելեֆոն Հաուայի թաղամասերն իրար միացնող հատվածում, Գյուլբենկյան վարժարանի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 4, վիրավորվել՝ 10-ից ավելի մարդ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հալեպում Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ անդրադառնալով երեկ Հալեպում տեղի ունեցած բախումներին: Ըստ Ժիրայր Ռայիսյանի՝ այդ հատվածում ռումբ է պայթել, ականատեսների խոսքով, հավանաբար նաև հրթիռ է արձակվել մեկ այլ շրջանից:
«Մահացած հայը Դեր Զորից եկած Վարդան Մութաֆյանն էր: Ասում են, որ վիրավորները տասից ավելի են, որոնց մեջ կա մեկ հայուհի, որը արդեն բժշկական հսկողության ու խնամքի տակ է»,- պարզաբանեց Ժիրայր Ռայիսյանը:







































