«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իզմիրի տնտեսական համալսարանի հաղորդակցության և լրագրության ֆակուլտետի դասախոս, մեդիա-փորձագետ Զաֆեր Յորուկը: Նա այս օրերին մասնակցում է Դիարբեքիրում կազմակերպված Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող կլոր սեղանին:
– Պարոն Յորուկ, հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից որքանո՞վ են ադեկվատ այս քննարկումները, երբ սառեցված են հայ-թուրքական արձանագրությունները, և ըստ էության, երկու երկրների առաջնորդները համապատասխան քաղաքական կամք չցուցաբերեցին խնդրի լուծման առումով: Հատկապես Թուրքիայի նախագահը կարծես թե այդ խիզախությունը չունեցավ: Չե՞ք կարծում, որ նմանօրինակ հարցի լուծումը, այնուամենայնիվ, վերևից պետք է գա:
– Հայաստանի մասով չեմ կարող ասել, բայց ճիշտ եք, Թուրքիայում հայի հանդեպ մոտեցումները, հայի հանդեպ քննարկումները հիմնականում վերևից ներքև են իջնում: Հասարակությունում տարբեր ուղղություններ կան, որ պահին պետությունը որ ուղղությունն ընտրի, այդ պահին այդ ուղղությունը դառնում է գերիշխող: Թուրքիայում 80 տարվա ընթացքում կար ներքին և արտաքին թշնամիների հասկացությունը, և հայերն արտաքին թշնամիների մեջ էին մտնում: Բայց Աբդուլլահ Գյուլի Երևան այցը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի այստեղ գալը արձանագրությունների ամբողջ ընթացքում ապացուցեցին, որ հասարակության ուղղությունը մի փոքր փոխվում է: Դրանից որոշ ժամանակ առաջ էլ տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, ինչը Թուրքիայում կարևոր շրջադարձային կետ հանդիսացավ: Փաստորեն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ մարդկանց հոծ զանգվածը, որ տարբեր տեղերից էին գալիս մասնակցելու բողոքի ակցիաներին (ես հատուկ Լոնդոնից էի եկել մասնակցելու), և մարդկային հոծ զանգվածի պոռթկումը, բնականաբար, ազդեցին պետության վրա: Փաստորեն և վերևից ներքև չի, բայց և ընդհանուր առմամբ վերևից ներքև է: Արձանագրությունների ընթացքում մեղմացում, փափկացում զգացի հարաբերություններում, և փաստորեն հասարակության մոտ մեղմացում կար, որովհետև պետության կողմից կար այդ մեղմացումը:
– Այսինքն` անգամ որոշակի առումով հասարակությունը չի՞ կարողանում ազդեցություն ունենալ իշխանությունների կայացրած որոշումների վրա:
– Թուրքական իշխանությունն է որոշում, թե որ ուղղության վրա շեշտադրում կատարի, բայց այդ ուղղությունները հասարակությունն է ստեղծում: Թուրքական իշխանությունում գտնվողների հիմնական գործունեությունը բավականին որոշիչ է: Օրինակ` հիմա երբ վարչապետը, կառավարությունը ազգային խտրականություն է դնում, էլի հասարակությունը «հայ թշնամի» հասկացությունն է հիշում:
– Իշխանությունների ազգայնականությո՞ւնն է տարածվում հասարակական կարծիքի վրա, թե՞ քանի որ հասարակությունն ինքն էլ չունի այդ առողջ քաղաքացիների հատվածը, քանի որ միատարր ազգ չէ, դրա համար էլ արդյունքներ չունենք:
– Օրինակ` կա 301 հոդված, որը խոսքի ազատությանն է վերաբերում, բոլորիս վրա է տարածվում, և կարող է հենց այս պահին մեզ այստեղից վերցնեն, դատարան տանեն: Այսինքն` հասարակության առողջ հատվածը չի կարող ինքնուրույն որոշել, իր փոխարեն կառավարությունն ինքը պետք է որոշի, թե առողջ քաղաքացիների հատվածը կարո՞ղ է իր ազդեցությունը գործել:
– Հայ և թուրք լրագրողները դժգոհում են, որ միմյանց չեն ճանաչում, որ իրար ճանաչելու դեպքում այլ կերպ կլինի հարաբերությունների կարգավորումը. ըստ Ձեզ, այս հարաբերությունները կարո՞ղ են արդյոք ինչ-որ բանի ծառայեցնել:
– Երկու կողմում էլ կան նախապաշարմունքներ, բայց երեք-չորս լրագրողներն ունեն հազարավոր ընթերցող, և իրենք ամեն օր նորություն են մատուցում: Սա ամենադժվար հարցն է. Օրինակ` տարիներ առաջ, երբ Ղարաբաղի մասին էին գրում, գրում էին, որ երեք հայ է մահացել, չորս ադրբեջանցի է նահատակվել, հիմա գրում են` յոթ մարդ է մահացել, երեքը հայ, չորսն ադրբեջանցի: Իհարկե, սա փոքր դետալ է, բայց կարևոր փոփոխության է բերում, և սա պետք է հասնի մինչև խմբագրի մակարդակի: Այնուամենայնիվ, նման փոքր փոփոխություններ արվում են, և միայն փոքր հաղթանակներով են մեծ հաղթանակներ լինում:
– Այս օրերին հաճախ է հնչում, որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ են լինելու, հետո նախագահական, խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հազիվ թե մտնի օրակարգ: Ստացվում է` այս հացի նկատմամբ անտարբերությո՞ւն կա, ի վերջո, հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Հայաստանի՞, թե՞ նաև Թուրքիայի համար է կարևոր:
– Ամեն դեպքում, 2015 թվականն է մոտենում, և Թուրքիան այդ հարցից չի կարող փախչել: Ընտրությունները այս պարագայում չեն կարող լուրջ պատրվակ հանդիսանալ, և եթե այսօրվա վարչապետը դառնա նախագահը մինչև 2015 թվական, ավելի խիզախ քայլեր երևի թե կկարողանա անել: Եթե նախագահական ընտրություններին վարչապետը դառնա նախագահ, նա ավելի հեշտությամբ այդ քայլերը կանի` առանց ձայների մասին մտածելու: Դրա համար դեռ հույս ունենք, որ վարչապետը մի բան կանի, որովհետև 80 տարվա մենթալիտետը բավականին փոխվել է շատ հարցերում, և ճանապարհ է բացել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Բացի այդ, իհարկե, կարևոր է այս հարցը Թուրքիայի համար, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ տարբեր նահանգներում ճանաչվում է Ցեղասպանությունը, քառասունից ավելի երկրներ են ընդունել, հետևաբար սա միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններ չեն, սա ընդհանուր հարց է, և անհնար է այն անտեսել:
– Տեսակետ կա, որ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումից հետո նոր կկարգավորվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Համաձա՞յն եք:
– Այս ամենը կապված է Ադրբեջանի` Թուրքիայի վրա ազդելու հնարավորությունների հետ, Ադրբեջանի ունեցած լծակների հետ` նավթ, Էներգետիկա, այլապես Թուրքիայի համար ղարաբաղյան խնդիրն առաջնային չէ, անէական է: Ադրբեջանի գազի, էներգետիկայի պատճառով շատ կարևոր կազուս է Թուրքիայի համար, սա է հիմնական խնդիրը:
– Եթե էմոցիոնալ ցանկություններից դուրս դիտարկենք, ըստ Ձեզ, ո՞ր դեպքում հնարավոր կլինի հարթել հայ-թուրքական կոնֆլիկտը, երբ, ինչպես Դուք նշեցիք, 80 տարի է` այն առկա է և դեռ չի լուծվել:
– Չեմ կարծում` շատ երկար ժամանակ պահանջվի, եթե հարցը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը կամ դիվանագիտական, տնտեսական կապերի հաստատմանը, վստահ եմ, որ դա ավելի շուտ տեղի կունենա, և Հայաստանի ու Թուրքիայի առաջին քայլը կլինի: Պատմություն, փոխհատուցում և այլն` դրանք փակագծերի մեջ պետք է առնել, և գնալ նախ Հայաստանի հետ փոխադարձ առևտրի հաստատմանը, որից հետո նոր տրամաբանական այլ հարցերի առաջացմանը:
– Տեղական իշխանական ուժերի միջոցով հնարավոր կլինի՞ հասնել փոփոխությունների:
– Թուրքիայում 80 տարի մերժողական քաղաքականություն է իրականացվել, հայը մեր թշնամին է, խնդրի իրական պատասխանատուն զինվորական վարչակարգն է, նախկինում Թուրքիայի իշխանությունում զինվորականներն էին, այս կառավարությունում դա փոխվեց, մի քանի գեներալ պատժվեցին, սա փոքր քայլ էր, բայց կարծրատիպ փոխվեց, դա արեց կառավարությունը, որը իր ֆիզիկական գոյությունն է ապահովում բանակի դերը թուլացնելով: Այս առումով ապագայի հանդեպ մեծ հույսեր ունեմ:







































