Այսօր ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանն ընդունել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչներին` գործադիր տնօրենի տեղակալ պարոն Ուիլյամ Էվերսի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԳԷՀ-ի և Հայաստանի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես` «Ազգային պորտֆելիո» ծրագրային փաթեթի շրջանակներում:
ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 25-27-ը Երևանում անցկացվող «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի» (GEF) երկրների խմբերի ընդլայնված աշխատաժողովի նպատակներն ու խնդիրները:
ՀՀ բնապահպանության նախարարույան մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը» (GEF) ունի «Աջակցություն երկրներին» բաղադրիչ, որի նպատակն է օժանդակել ԳԷՀ-ի անդամ երկրներին առավել արդյունավետ աշխատելու հիմնադրամի հետ, զարգացնելու տեղական/ազգային ռեսուրսները, տեղեկացվելու ԳԷՀ-ի կողմից կառավարվող ֆոնդերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորելով միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 10 երկրից 50 անդամ` հավաստիացրել է, որ նախարարությունը կաջակցի միջոցառման հաջող ընթացքին ի նպաստ հայրենի բնության:
Նախարար Արամ Հարությունյանը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և ԳԷՀ-ի միջև համագործակցությունն առավել կամրապնդվի ԳԷՀ-ի նոր գործադիր տնօրեն տիկին Նաոկո Իշիինի կառավարման ժամանակահատվածում:











































