Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումն ադրբեջանական գազի մատակարարման երթուղու վերջնական ընտրությունը կկատարի «Անդրադրիատիկ» (TAP) և Nabucco գազատարների առաջարկված նախագծերի դիտարկումից հետո.
«Թուրքիան միանման կերպով աջակցում է երկու նախագծերին էլ: Ընտրությունը «Շահ Դենիզ» կոնսորցիումինն է: Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման նախագծի իրագործումը չի անդրադառնա այլ երկրների հետ Թուրքիայի էներգահամագործակցության վրա»:
Թաներ Յլըդըզն անդրադարձել է նաև Թուրքիայում ատոմային էներգիայից օգտվելու խնդրին. «Ատոմային էներգիան պետք է վերածվի Թուրքիայի էներգետիկ կախվածությունը նվազեցնող գործիքի: Մեկ տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ սեկտորն աճել է մոտ 7-8 տոկոսով, միևնույն ժամանակ ԵՄ-ի երկրներում նկատվել է 0.5 տոկոսանոց անկում: Ատոմակայանները կնվազեցնեն Թուրքիայի էներգետիկ կախվածությունը»: