Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ նախագահական կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ դասախոսական աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:
ԱՄՆ նախագահը այս ցանկությունը հայտնել է Վուփի Գոլդբերգի՝ ABC ալիքով ցուցադրվող The View հաղորդմանը տված հարցազրուցի ժամանակ:
Օբաման հայտարարել է, որ կարոտում է երեխաների հետ աշխատանքը, սակայն կցանկանար նախագահել երկրորդ ժամկետում ևս, քանի որ որպես նախագահ դեռ անելիքներ ունի:
Նա ընդգծել է, որ դասախոսական աշխատանքին վերադառնալ չի նշանակի, թե ինքն ամբողջ ժամանակ գտնվելու է դասարանում:
Օբաման բացատրել է, որ կցանկանար ճանապարհորդել երկրում և օրինակ՝ երեխաների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: «Ես կցանկանայի վստահ լինել, որ մենք առանց ուշադրության չենք թողնում և ոչ մի երեխայի, և նրանք գիտեն այն հնարավորությունների մասին, որ իրենք ունեն»,- հայտարարել է Օբաման:
1990-ականներին Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Օբաման Չիկագոյի համալսարանին կից դպրոցում 12 տարի դասավանդել է Սահմանադրական իրավունք:








































