Նոր Օռլեանի հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը՝ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վրայից հանելով քաղաքին «Քեթրին» փոթորկի պատճառած ավերածությունների պատասխանատվությունը,- գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Դատարանի կողմից առաջին որոշումը կայացվել էր 2009 թվականին: Այն ժամանակ դատավորը համաձայնել էր հայցվորների հետ, որոնք պնդել էին, որ ինժեներական կորպուսը պատշաճ ուշադրություն չի դարձրել Նոր Օռլեանը Մեքսիկական ծոցին կապող նեղուցի վիճակին: Հայցվորները, մասնավորապես, պնդել էին, որ մի շարք սխալներ թույլ տված զինվորականների գործողությունների պատճառով վատացել է ամբարտակների վիճակը, որոնք փոթորկի ժամանակ չեն դիմացել ջրի ճնշմանը և շարքից դուրս են եկել:
Դատարանը որոշել էր, որ ռազմական ինժեներները գործել են քաղաքացիական ուժերից անկախ: Վերաքննիչ դատարանը 2012-ի մարտին պաշտպանել էր այդ որոշումը, սակայն վերջին լսումների ժամանակ դատավորները գտել են, որ աղետի պատճառ դարձել են քաղաքացիական իշխանությունների կողմից ընդունված որոշումները:
Տուժող կողմը քննադատել է դատարանի կայացրած որոշումը՝ խոստանալով գործի վերանայում պահանջել: Հիշեցնենք, որ Քաթրին փոթորիկը Նոր Օռլեանը պատուհասել էր 2005 թվականին, ինչի արդյունքում քաղաքում ջրհեղեղ էր սկսվել: Գրանցվել էին բազմաթիվ զոհեր:









































