Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Անակլիայի և Կուլևիի միջև ընկած հատվածում Լազիկայի նոր նավահանգստի կառուցումն արժենալու է 535 միլիոն լարի (323 միլիոն դոլար): Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Նավահանգստի կառուցման ավարտը պլանավորված է 2015 թվականի առաջին կեսին: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշավիլին հայտարարել է, որ Լազիկայի նավահանգստի տարածքը կազմելու է 85 հեկտար։ Այն իր տեխնիկական պարամետրերով ու աշխարհագրական դիրքով հնարավորություն ունի Ասիայի ու Եվրոպայի միջև վերածվել տրանսպորտային հանգույցի:
Սաակաշվիլին հավելել է, որ Լազիկան կլինի Սև ծովի ամենամեծ նավահանգիստը, քանի որ այստեղ ջրի խորությունը կազմում է նվազագույնը 20 մետր, ինչը հնարավորություն կտա ընդունել խոշոր ջրատարողությամբ նավեր: Ներկայիս դրությամբ Վրաստանի սևծովյան հատվածում գործում է 4 նավահանգիստ՝ Փոթի, Բաթում, Կուլևի և Սուփսա:









































