Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամները երեկ միաձայն վարույթ են ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումը, որը պետք է քննվի երեսուն օրվա ընթացքում:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Գասպարիի դիմումը վերաբերում է«Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ԱԺ-ի մոտ նրա կազմակերպած միանձնյա բողոքի ակցիային, որի ժամանակ Սամվել Ալեքսանյանը Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, իսկ պատգամավորի ետևից եկող թիկնապահը հրել և գետնին էր տապալել Գասպարիին: «Էթիկայի հանձնաժողովի որոշումը էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ավելի շատ հասարակական-բարոյական նշանակություն ունի: Համարվում է, որ սա պատգամավորի պատասխանատվության ձև է»,- ասել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին և հիշեցրել. «Կան դեպքեր, երբ պատգամավորը էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից»: Փաշինյանն ասել է նաև, որ Ալեքսանյանին ավելի լավ կամ ավելի վատ չի վերաբերվում, քան իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, և որ հանձնաժողովի որոշումը պետք է զերծ լինի սուբյեկտիվությունից:








































