Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր ճանաչել է փաստաբան Ավագ Լալայանի լիազորությունները որպես «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան:Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
Պաշտպանը դատարանից ժամանակ է խնդրել 3 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 3-ը:
Դատարանն ի գիտություն է ընդունել տուժող կողմի միջնորդությունը լրագրողների կողմից դատաքննության լուսաբանման համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ՝ առաջին շարքերում: Այդ տեղերն, ըստ տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի, զբաղեցնում են քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր ըստ իրենց հայտարարության, չեն իրականացնում անվտանգության հետ կապված միջոցառումներ: Նախագահող դատավորը միաժամանակ ընդգծեց, որ դատարանը չունի պարտականություն՝ պարզելու, թե դռնբաց նիստին ովքեր որտեղ են նստած:
Դատական նիստին ներկա չեն եղել տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանն ու գործով մյուս 4 տուժողները, ովքեր խնդրել էին դատարանից իրենց բացակայությունը համարել հարգելի և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում ներկայանալ դատարանի պահանջով:
Մեղադրող Արթուր Դավթյանը նկատել է, որ, հնարավոր է՝ նրանց մասնակցությունն անհրաժեշտ լինի հաջորդ նիստում, եթե դատարանը ապացույցների հետազոտումն սկսի նրանց ցուցմունքներից:











































