Սեպտեմբերին 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Անրի Ֆերալը նշել է, որ Հայաստանում ընտրական գործընթացները դրական առաջընթաց ունեն և սեպտեմբերի 9-ին և 23-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Անրի Ֆերալի խոսքով ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ պայմաններում և որևէ լուրջ խախտում չի արձանագրվել: Պատվիրակության ղեկավարը, նախագահական և խորհրդարանական ընտրությունների համեմատ, Հայաստանում ՏԻՄ ընտրությունների հանդեպ նկատել է քաղաքական կուսակցությունների պասիվությունը: Նա որպես բացասական երևույթ նշեց նաև, որ ընտրատարածքներում գոհացուցիչ պայմաններ չեն ստեղծվել հաշմանդամների մասնակցության համար:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը միակ միջազգային դիտորդն է եղել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Առաքելությունն իրականացվել է սեպտեմբերի 6-10-ը և 19-25-ը: Կոնգրեսի պատվիրակությունը բաղկացած է 14 անդամից:











































