Ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ մուսուլմանների բողոքի ցույցերն առաջին անգամ հասել են Հունաստան:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ավելի քան 700 ցուցարարներ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ Օմոնիա հրապարակում: Այնուհետև ամբոխը շարժվել է ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ, որտեղ մի քանի ցուցարարներ փորձել են անցնել ոստիկանության տեղադրած պատնեշները:
Ակցիան ավարտվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Ցուցարարները սկսել են իրավապահների վրա շշեր և այլ իրեր նետել: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, որից հետո ակցիան դադարել է: Ակցիայի արդյունքում վիրավորներ չկան, ձերբակալվել է 40 մարդ: Անկարգությունների հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, կոտրվել են խանութների ցուցափեղկեր:












































