Սաուդյան Արաբիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին բողոքի ակցիաներ անցացնելու համար և արդեն երկար ժամանակ պահվում են առանց մեղադրանք ներկայացնելու կամ այլ հիմնավորման:
Ակցիան տեղի է ունեցել Կասիմ քաղաքի բանտի մոտ՝ Էռ-Ռիյադից ոչ հեռու: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ այն բանից հետո, երբ 2011 թ. հրապարակվեց ցույցերն արգելող օրենք, մի քան հազար մարդ հայտնվել են ճաղերի հետևում:
«Մենք այստեղ կկանգնենք և տեղից չենք շարժվի այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները չլսեն մեր պահանջները. մեր ազգականները պետք է ազատություն ստանան»,- լրագրողներին ասել է ցուցարարներից մեկը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը: Նրա ամուսինը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Կնոջ խոսքերով՝ ինքը չգիտի՝ ինչում են նրան մեղադրել, քանի որ դե ֆակտո դատավճիռ չի եղել:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ հայտարարելով, որ երկրում քաղբանտարկյալներ չկան:
Հիշեցնենք, այսպես կոչված «արաբական գարնան» ֆոնին Սաուդյան Արաբիայում նույնպես տեղի ունեցան բողոքի ցույցեր: Դրանք հիմնականում կազմակերպվում էին տեղի շիա համայնքի կողմից, որը բողոքում էր հասարակության մեջ սոցիալական հիերարխիայից:







































