«Թուրքիան ցանկանում է դառնալ կենտրոնասիական ու ռուսական գազի գլխավոր առաքիչը դեպի Եվրոպա»: Այս կարծիքն է հայտնել արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Ռարը:
Համաշխարհային էներգետիկ համակարգում Թուրքիայի ունեցած դերին նվիրված կլոր սեղանի ընթացքում նա նաև ասել է, որ հենց Թուրքիան է Nabucco և «Հարավային Հոսք» նախագծերի պայքարում միակ հաղթողը, քանի որ ամեն դեպքում դրանցից յուրաքանչյուրը անցնում է հենց թուրքական տարածքով: Դա թուրքական դիրքերը առանձնահատուկ շահավետ է դարձնում: Ավելին` Անկարան մտադիր չէ բավարարվել տրանզիտային երկրի կարգավիճակով և ապագայում ցանկանում է նույնպես դառնալ գազի արտահանող:
Аze.az-ը տեղեկացնում է, որ Ռարի կարծիքով, գազային ոլորտում Թուրքիայի հիմնական գործընկերներից է լինելու նաև Իրանը, քանի որ Արևմուտքը Թեհրանի հետ չի համագործակցում, սակայն նրան անհրաժեշտ է վաճառել իր վառելիքը, իսկ Եվրոպան` մերձավորարևելյան իրադարձությունների արդյունքում ավելի է անհանգստանում իր էներգետիկ անվտանգության համար:
«Պետք է հասկանալ, որ երկու խողովակաշարերը միաժամանակ պետք չեն Եվրոպային: Nabucco-ում ներգրավված ընկերությունները չեն շտապում իրականացնել այն, սակայն նրանք ուղղակի տարված են այդ գաղափարով և չեն ընդունում դրանից հրաժարվելու հնարավորությունը: Այդ պատճառով, Nabucco-ն հավանաբար իրականություն կդառնա, հիմնականում քաղաքական կամքի հիմքի վրա»,- ասել է Ռարը:





































