Ցխինվալի ռեժիմի կողմից տարածված ապատեղեկատվությունից հետո, թե վրացական կողմը պարիսպներ է կառուցում այդ տարածքում, Ցխինվալում սկսվել է ռազմական ուժի ու ռուսական տեխնիկայի մոբիլիզացիա: Այս մասին հայտնում է վրացական apsny.ge գործակալությունը:
Այն, որ Լեոնիդ Թիբիլովի հայտարարությունները, որոնք այնուհետ կրկնել էր նրա արտգործնախարարությունը, ապատեղեկատվական բնույթի են, հաստատել են նաև Վրաստանում ԵՄ առաքելության դիտորդները՝ ասելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, ԵՄ առաքելությունը հայտնաբերել էր, որ օկուպացված տարածքների սահմանագծում նկատվում է զինված «օկուպանտների թվի ավելացում», գրում է գործակալությունը:
Ցխինվալում ռազմական պատրաստվածության մասին տեղեկատվությունը հաստատում են նաև Ցխինվալի աղբյուրները: Ինչպես հայտարարում է վրացի բլոգեր Գելա Վասաձեն, այդ մասին իրեն հայտնել են անձնական նամակագրությամբ:
Վասաձեից բացի, այդ տեղեկությունը հաստատում է նաև «Վրացական երազանք» կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքով՝ ռազմական պատրաստություններ իսկապես տեղի են ունենում, սակայն նա, ինչպես և Թիբիլովը, դա փորձում է կապել «Սաակաշվիլիի կողմից սպառնացող վտանգի հետ»:
Այսօր վրացական բլոգներից մեկում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Ցխինվալի շրջանում հայտարարվել է զորահավաք: Հրատարակության աղբյուրը հայտնում է, որ կատարվում է պահեստում գտնվող, ինչպես նաև մինչև 50 տարեկան անձանց զորակոչ:
Առայժմ այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:








































