Սեպտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Չեխիայի Պառլամենտի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից:
Ելույթներով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և սենատոր Յարոմիր Շտետինան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները: Այնուհետև դեսպանը խոսել է հայ-չեխական հարաբերությունների և դրանց հեռանկարների, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգի, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի մասին: Չեխ սենատորն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին, Չեխիայի հայ համայնքին անկախության տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությունն ուղեկցվել է հայ երեխաների նկարների` անկախության հռչակման տարեդարձին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումն ավարտվել է ավանդական ճաշկերույթով:







































