Այսօր՝ ժամը 11.27-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Այս մասին այսօր Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խմբի պետի տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը՝ խոսելով հրդեհի բռնկման պատճառների շուրջ:
Նրա խոսքով՝ առաջին մեքենան սկսել է գործել ժամը 11.32-ին: «Այրվել է գրասենյակի նոր կառուցվող շենքի տանիքի մոտ 10 քառակուսի մետր հատվածը: Հիմա հրդեհը հանգցված է»,- նշեց Էմիլ Ավետիսյանը: Նա պարզաբանեց, որ ամեն ինչից կարող էր հրդեհ բռնկվել, քանի որ այդտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, հնարավոր է թեկուզ եռակցումից հրդեհ առաջանար: Նա նաև վստահեցրեց, որ հրդեհը հոսանքից չէր: Հերքեց նաև դիտավորությամբ հրդեհ բռնկվելու հնարավորությունը:











































