Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ`Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 10-րդ դատարանը 21 ամիս տևած դատավարությունից հետո երեկ հրապարակեց 2003 թվականին պլանավորված «Բալյոզ» («Մեծ մուրճ») ռազմական հեղաշրջման գործով անցնող 365 կասկածյալների դատավճիռը, որոնցից 250-ը կալանավորված էին:
Թուրքական դատարանն արդարացրեց 36 կասկածյալի: Միևնույն ժամանակ, ամենամեծ պատիժը ստացան «Բալյոզ» ռազմական հեղաշրջման կազմակերպիչներ Առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմ Ֆըրթընան:
Թուրքական դատարանը նախ այս երեք զինվորականներին դատապարտեց ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ ապացույցների բացակայության պատճառով նրանց պատժաժամկետը նվազեցրեց մինչև 20 տարի ազատազրկման: 78 ամբաստանյալ դատապարտվեց 18-ական տարի ազատազրկման, 216 ամբաստանյալ`16-ական տարի ազատազրկման, 28 ամբաստանյալ`յուրաքանչյուրը 13 տարի և 4 ամիս ազատազրկման, մեկը`15 տարի ազատազրկման:








































