ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի աշխատավայրերից մեկում զինված անձը գերի է վերցրել մեկ հոգու, փոխանցում է Associated Press-ը:
Ականատեսների վկայությամբ` հանցագործը հավանաբար բիզնես-կենտրոնի 16-րդ հարկում է: Ոստիկանությունը չի բացառում, որ կարող է մի քանի գերի լինել: Բիզնես-կենտրոնի բոլոր աշխատակիցները տարհանվել են, շենքը շրջապատված է ոստիկաններով: Դեպքի վայրում է նաև հատուկ ծառայությունը:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Նեյթ Հարփերը հայտարարել է, որ մինչ ոստիկանները փորձում են բանակցել հանցագործի հետ, նա հաղորդագրություններ է գրում Facebook սոցկայքում:
Associated Press-ի փոխանցմամբ` ոստիկանության կարծիքով` գերի վերցնողը 22-ամյա Քլեյն Մայքլ Թաքստոնն է: Հայտնում են, որ նա նախկին զինծառայող է և նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել:
Facebook-ի իր էջում Թաքստոնը գերի վերցնելուց հետո գրել է, որ հոգնել է իր վարած կյանքից և զգում է, որ «ամեն ինչ կորցրել է»:
Ոստիկանության տվյալներով` Թաքստոնը հայտարարել է, որ իր մոտ հրազեն և պայթուցիկ կա:
Ոստիկանության ղեկավարը նշել է, որ Թաքստոնը պատրաստակամորեն կապվել է բանակցողների հետ, սակայն առայժմ ոչ մի պահանջ չի ներկայացրել:












































