Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Ադրբեջանում անցկացվելու է «Թուրքիայի շաբաթ»: Դրա շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM) և Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (CSI) համատեղ կազմակերպելու են մի շարք միջոցառումներ:
Այս մասին նշված է CSI-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում ասվում է, որ «Թուրքիայի շաբաթ»-ի շրջանակներում սեպտեմբերի 23-27-ը Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Լենքորանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ:
Երկու երկրների փորձագետների հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը, պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախորդ տարի SAM-ը և CSI-ն Թուրքիայում «Ադրբեջանի շաբաթ»-ի շրջանակներում մի շարք միջոցառումներ էին անցկացրել Տրապիզոնում, Էրզրումում, Իգդիրում, Կարսում ու Քոնիայում:










































