Համացանցի նոր հիթ է դարձել ինտերնետ օգտատերերի պատրաստած տեսանյութը, որում բրիտանացի լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը երաժշտության ներքո ներողություն է խնդրում չիրագործած քաղաքական խոստումների համար: Հատկանշական է, որ հենց փոխվարչապետի համաձայնությամբ է հոլովակը հայտնվել գլոբալ ցանցում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Այս շաբաթվա սկզբին գործող կոալիցիոն կառավարության ղեկավարի տեղակալը հրապարակավ ներողություն էր խնդրել խոստումները չիրականացնելու համար: Խոսքը նախընտրական հայտարարության մասին է, թե իշխանության գալու դեպքում ուսման վճարի թանկացում թույլ չի տա:
Այն բանից հետո, երբ այս տարի կառավարությունը ստիպված եղավ բարձրագույն կրթության տարեկան առավելագույն վարձաչափը հասցնել 9000 ֆունտի (14,6 հազար դոլարի), Դևիդ Քեմերոնի տեղակալը հայտնվեց ամոթալի վիճակում: Ընտրողները նրանից բացատրություն պահանջեցին: Նա էլ որոշեց ներողություն խնդրել: Դա չմեղմեց ընտրողների զայրույթը, սակայն այդ պատմությունը մի քանի օրից կմոռացվեր, եթե բրիտանական երգիծական կայքերից մեկը չորոշեր «ստեղծագործաբար մոտենալ» այդ ելույթին:
Փոփ երաժշտության ուղեկցությամբ, փոխված կոմիկ ձայնով փոխվարչապետի ելույթի 2,5 րոպեանոց հոլովակը հայտնվել է Apple ընկերության Itines-ի երգացանկում և սկսել տարածվել «պաշտոնապես»:








































