ԱՄՆ-ի վարչակազմը լիբիական Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակում որակել է որպես ահաբեկչություն, սակայն դեռևս ապացույցներ չունի, որ այն նախապես պլանավորված է եղել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
«Ինքնըստինքյան հասականլի է, որ Բենղազիում տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է եղել: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունը ենթարկվեց դաժան հարձակման, ինչի հետևանքով զոհվեցին չորս ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը ներկա պահին տեղեկատվություն չունի այն մասին, որը կապացուցեր հարձակման նախապես պլանավորված լինելը »,- հայտարարել է Քարնին:
ԱՄՆ-ը չի բացառում, որ հարձակմանը մասնակցել են «ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ավելի վաղ հայտարարել է այս հարցի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին: Հանձնաժողովը ղեկավարելու է փորձառու դիվանագետ Թոմաս Փիկերինգը:









































