«Արմավիա» ավիաընկերությունը կատարել է իր ընթացիկ պատքերի վճարումը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, սակայն քանի որ տոնական օրեր էին, այդ թվում` երկուշաբթին աշխատանքային չէր, ուստի փոխանցված գումարը ժամանակին չի նստել «Զվարթնոցի» հաշվեհամարին: Ինչպես «Առաջին լրատվական»-ին պարզաբանեց ավիաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան, այդ փոխանցումը կտևի 2-3 օր` այլ տարբերակ չկա:
«Այդ պատճառով սա օդանավակայանի կողմից ավելի շուտ նախազգուշական բնույթ է կրում: Իսկ այսօր՝ տոնական օրերի նախաշեմին, օդանավակայանը ցանկանում է, որ «Արմավիա»-ն կանխավճար կատարի, քանի որ հաջորդ օրերը կրկին ոչ աշխատանքային են: Դա նույնպես հնարավոր չէ: «Արմավիա»-ին՝ ազգային ավիափոխադրողին, նման կերպ նախազգուշացնել՝ ձգձգումներով և ուղևորների համար անհարմարություններ ստեղծելով, Անկախության օրվա նախաշեմին` ճիշտ չէ»,- նշեցին ավիաընկերությունից:
Ն. Ավետիսովան հայտնեց, որ առայժմ հետաձգվել են 2 չվերթներ՝ դեպի Մոսկվա և Թելավիվ, իսկ այլ չվերթների հետաձգում չի նախատեսվում:












































