Կառավարությունը որոշ ոլորտներում կատարում է ուսումնասիրություններ՝ պարզելու պետական գնումների գործընթացի հետ կապված թերությունները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին զեկուցեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանը:
Վարչապետի հարցին` որ ոլորտների մասին է խոսքը, նախարարը նշեց. օրինակ՝ առողջապահության ոլորտում դեղորայքի ձեռք բերման հետ կապված նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովն էր ուսումնասիրություն իրականացրել։
«Նախորդ տարի մենք ունեինք դեպք, երբ դեղերի մոտ 2.5 միլիարդանոց պատվեր կար և սխալ բնութագրում, որի հետևանքով, կոնկրետ ինսուլինի պարագայում, եթե այդ բնութագիրը թողնեինք, ապա մեկ ձեռնարկություն կամ մեկ արտադրող կարող էր հաղթել մրցույթը։ Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մրցույթը վերահայտարարվեց, որի հետևանքով ընդհանուր նախատեսված գումարը նվազեց մոտ կես միլիարդ դրամով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Վարչապետն արձանագրեց. «Այսինքն` միայն մեկ մրցույթից մենք տնտեսեցինք կես միլիարդ դրամ»:
Այնուհետև վարչապետը նախարարներին զգուշացրեց. «Հաշվի առեք, այսուհետև ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն։ Կոնկրետ այս օրինակը ցույց է տալիս, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































