ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին պնդում է, որ հենց ինքը, այլ ոչ թե իր մրցակից Բարաք Օբաման կարող է հասնել շարքային ամերիկացիների կյանքի բարելավմանը: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի Ատլանտայում (Ջորջիա նահանգ) տեղի ունեցած նախընտրական միջոցառմանը:
«Ներկա ընտրական արշավի կենտրոնական հարցն այն չէ՝ ով է հոգ տանում երկրի աղքատ բնակիչների և միջին խավին պատկանող մարդկանց մասին, այլ այն, թե ով կարող է նրանց օգնել: Ես կարող եմ, նա (Օբաման. -1in.am) չի կարող: Եվ նա դա ապացուցել է վերջին 4 տարիներին»,- հայտարարել է Ռոմնին:
Փորձագետների կարծիքով՝ դրանով Ռոմնին փորձ է անում շտապ վերականգնել իր հեղինակությունն ընտրողների աչքում վերջին բացթողումից հետո: Երկուշաբթի ամերիկյան լիբերալ Mother Jones պարբերականը հրապարակել էր քաղաքական գործչի մասնակցությամբ սիրողական տեսագրություն, որն արվել էր Ֆլորիդա նահանգում իր ունևոր կողմնակիցների հետ փակ հանդիպմանը: Դրանում Ռոմնին հայտարարում է, որ ընտրողների 47 տոկոսը կախված է կառավարությունից, իրեն զոհ է համարում, եկամտահարկ չի վճարում և ամեն դեպքում կքվեարկի Օբամայի օգտին: «Իմ խնդիրն այդ մարդկանց մասին մտահոգվելը չէ: Ես նրանց երբեք չեմ համոզի, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն ցուցաբերեն և իրենք հոգան իրենց կյանքի մասին»,- ասել էր հանրապետականը:
Ռոմնիի այս խոսքերից հետո որոշ փորձագետներ պնդում են, որ նախագահական ընտրություններ անցկացնելու կարիք այլևս չկա, քանի որ Ռոմնին իրեն դատապարտել է անփառունակ պարտության:
Օբաման չի հապաղել օգտվել Ռոմնիի այդ սխալից: Երեքշաբթի նա կտրուկ քննադատության է ենթարկել իր մրցակցին՝ հայտարարելով, որ նախագահը ներկայցնում է ամբողջ երկիրը և «պետք է աշխատի բոլորի, այլ ոչ թե միայն որոշների համար»:
Դեմոկրատները վաղուց էին փորձում համոզել ամերիկացիներին, որ հանրապետական թեկնածուն անսիրտ միլիոնատեր է, որին օտար են հասարակ մարդկանց հոգսերը: Դեմոկրատները կարծում են, որ եթե Ռոմնին նախագահ դառնա, նա կպաշտպանի առաջին հերթին երկրի բնակչության 1 տոկոսը կազմող ամենաապահով խավի շահերը:
Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ այժմ Օբամայի վարկանիշը մի փոքր ավելի է: Այս պահի դրությամբ նրա օգտին պարտրաստ է քվեարկել ամերիկացիների 48, Ռոմնիի օգտին՝ 43 տոկոսը:











































