Բիլ Քլինթոնին տարիներ առաջ ԱՄՆ նախագահի բարձր պաշտոնից հազիվ չզրկած հանրահայտ Մոնիկա Լևինսկին հույս ունի իր սկանդալային անցյալի հաշվին կարողություն վաստակել: Մամուլի տեղեկություններով, կինը հանդիպում է ԱՄՆ խոշորագույն հրատարակչությունների հետ՝ հույս ունենալով նրանց հետ սեփական հուշերը գրելու պայմանագիր կնքել: Չնայած պոտենցիալ հրատարակողները խոստացել են լռություն պահպանել՝ լրագրողներն, այնուամենայնիվ, պարզել են, որ իր բացահայտումների համար Լևինսկին 12 միլիոն դոլար է խնդրում: Թե հատկապես ո՞ւմ է համագործակցություն առաջարկում Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին՝ անհայտ է,- գրում է The New York Post-ը:
Լևինսկին մամուլին դեռևս չի հայտնել իր պլանների մասին: Փոխարենը նրա ընկերներն ու ծանոթները լրագրողներին հայտնել են, թե ինչի մասին է լինելու ԱՄՆ պատմության մեջ ամենաաղմկոտ սեքս-սկանդալներից մեկի մասնակցի գրած գիրքը: «Մոնիկան կարող է նկարագրել, թե ինչպես է Բիլը հեռուն գնացել, կրքոտ կերպով երեք հոգով սեքս, օրգիաներ ու սեքս-խաղալիքներ ցանկացել: Նա նաև կարող է հիշել այն ամենը, ինչ Բիլն ասել է Հիլարիի մասին»,- Լևինսկիի ընկերոջ խոսքերն է մեջբերում Hollywood Life-ը:
Խոսակցությունների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խիստ անհանգստացած է Լևինսկու հուշերի հնարավոր հրատարակմամբ, քանի որ այդ գիրքը կարող է իրեն ընդմիշտ խանգարել զբաղեցնելու ԱՄՆ նախագահի աթոռը:
Իսկ ահա The Examiner-ը փորձել է պարզել՝ ո՞ւմ վարկանիշի համար շահավետ կլինի Մոնիկայի գիրքը: Ըստ այդմ, Բիլ Քլինթոնին այն հաստատ ձեռնտու կլինի, քանի որ հետաքրքրություն կհարուցի նրա անձի շուրջը:
Դատելով The Huffington Post-ի անցկացրած հարցման արդյունքներից՝ ամերիկացիների մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում են ոչ թե Մոնիկայի հուշերը, այլ ավելի շատ գրքի լույսընծայումը: Հարցվածների 50 տոկոսն ասել է, որ չի ընթերցի նրա բացահայտումները և միայն 36 տոկոսն է նշել, որ հնարավոր է՝ կարդա:
Հիշեցնենք, որ Բիլ Քլինթոնի հետ իր սիրավեպի մասին Մոնիկա Լևինսկին պատմել էր 1997 թվականին: Այն սկիզբ էր առել 1995 թվականին:







































