Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումն ավելի հավանական է, որ չի շարունակվի երկրում իշխանության փոփոխությունից հետո: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Դեռ այն ժամանակ, որ ես պատգամավոր էի, այդ փաթեթը, որ ներկայացվեց՝ պարտադիր կուտակայինը, բազմաթիվ անգամ ամբիոնից, նաև երկրի նախագահի մոտ, հնչեցրել եմ, որ Բագրատյանի, ՀՅԴ և մնացած հասկացողների կողմից բարձրաձայնված մտահոգություները ես ոչ միայն կիսում եմ, այլ ամբողջութամբ ասում եմ, որ դա չափազանց վտանգավոր է, այդպիսի փաթեթ չի կարող գործել: Ոչ մի երաշխիք գոյություն չունի, որ այն ընդունվելու և գործելու է ՀՀ-ում»,- ասաց Բոստանջյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության ժամանակ այս հարցի խնդիրների վերաբերյալ բարձրաձայնել է և այդ մտահոգությունը, գոնե տվյալ պարագայում, կիսվել է որոշում կայացնողների կողմից.
«Այդուհանդերձ դա մտավ խորհրդարան, իսկ մյուս նիստի ժամանակ պետք է ընդունվի, և դա արկածախնդիր քայլ կլինի»:
Հարցին՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, մասնավորապես կառավարության արտահերթ նիստը, հնարավոր համարո՞ւմ եք, որ համակարգը ներդնելուց հետ կկանգնեն, Վ.Բոստանջյանը պատասխանեց.
«Եթե ըմբռնում եղավ, որ այլևս արկածախնդրություն չի կարելի, պետք է հետ կանգնեն, բայց չեմ կարող պնդումներ անել»:










































