Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժող գերմանացի նյարդաբան Լուտց Հարմսը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի բուժել Տիմոշենկոյին, որպեսզի նա հաշմանդամ չմնա: Այս մասին հաղորդում է UNIAN գործակալությունը:
7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն մայիսից գտնվում է Խարկովի հիվանդանոցում։ Բուժումը տարվում է գերմանացի բժիշկների խորհրդատվությամբ, քանի որ ուկրաինացի բժիշկներին նա չի վստահում: Նախկին վարչապետի մոտ ախտորոշվել է միջողային ճողվածք: Բժշկական շրջանակներում մտավախություններ են հնչում, որ Տիմոշենկոն կարող է հաշմանդամ դառնալ, և կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն: Սակայն մինչ այժմ նա վերականգնողական կուրս է անցնում, և բժիշկները որոշել են առնվազն ևս մեկ ամիս նրան պահել հիվանդանոցում:
«Ես չեմ կարող ասել, որ մենք կարող ենք բացառել (հաշմանդամության.- 1in.am) հավանականությունը: Սակայն բավական դրական կարող ենք գնահատել իրավիճակի զարգացումը, և հույս ունենք, որ կարող ենք խուսափել հաշմանդամությունից»,- ասել է Հարմսը:








































