Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց կառավարության այն որոշումը, որով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով (վրացական և այլ երկրների համարներով) ներմուծված ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան 6 ամիս ժամկետով և անտոկոս վարկ վերցնել` գրավ դնելով իրենց մեքենան:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում վարկեր կարող են ստանալ 2005 թվից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն դրամից ցածր մաքսային արժեքով, մինչև 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոցները:
«Վարկային պայմանագիր կնքելու համար մարզի բնակիչը մինչև 2011 թ. մարտի 25-ը ներառյալ պետք է դիմում ներկայացնի մարզպետարան»,- ասաց ֆինանսների նախարարը: Ըստ նրա՝ իրենք քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ 6 ամիսը խելամիտ ժամկետ է, որպեսզի ավտոօգտագործողները կարողանան գումարը հետ վերադարձնել:
Նշենք, որ վարկ վերցրած քաղաքացին ամսական միջինը 100-150 հազար դրամ է վճարելու պետությանը` ստացած վարկը ամբողջությամբ մարելու համար: