Լիբանանյան ռադիկալ «Հզբոլլահ» շիա շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան երկուշաբթի օրը զգուշացրել է չցուցադրել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ամբողջական տարբերակը, որը վիրավորում է Մուհամմեդ մարգարեին:
«ԱՄՆ պետք է հասկանա, որ ֆիլմի ամբողջական տարբերակի ցուցադրումն աշխարհի համար շատ լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է շեյխ Նասրալլան բազմահազարանոց ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձանում՝ ի նշան հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի:
«Մենք իսլամական աշխարհի ցասման ականատեսն ենք, որի պատճառը դարձել է այդ ֆիլմի 15 րոպեանոց հոլովակը: Իսկ ինչ կլինի, եթե ֆիլմն ամբողջությամբ ցուցադրեն»,- նա հարցով դիմել է իր կողմնակիցների ամբոխին:
2006 թվականի Իսրայելի հետ պատերազմից հետո «Հզբոլլահի» առաջնորդի՝ հանրության առջև հանդես գալը բացառիկ դեպք է: Նա ամերիկյան իշխանություններից պահանջել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ֆիլմը հեռացվի համացանցից:









































