Արդյոք կապ կա՞ սաֆարովյան իրադարձությունների ծավալման և ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանի «զայրույթի» դրսևորման միջև: Համենայնդեպս, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն իր համար հարմար արտաքին քաղաքական պահի հանկարծ սրում է ներքաղաքական շեշտադրումները:
Բանն այն է, որ սովորաբար տեղի է ունեցել հակառակը, և ներքաղաքական բարդ ժամանակահատվածներում իշխանությունները Հայաստանում ուշադրությունը շեղել են արտաքին խնդիրների վրա` փորձելով դրանք դարձնել ներսում կոնսոլիդացիայի կոչերի հիմք և այսպիսով կանխել ներքաղաքական անցանկալի խմորումները:
Ավելին` սաֆարովյան իրադարձությունների պարագայում կոնսոլիդացիոն կոչերը եղան և ըստ էության նախադրյալներ ստեղծեցին այն տեսանկյունից, որ իշխանությունները այսպիսով փակեին ներքաղաքական անցանկալի թեմաները, հատկապես` բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ առկա են հասարակական լուրջ դժգոհություններ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից: Իսկ այդ դժգոհությունները, բնականաբար, կարող են օգտագործվել, իսկ որոշ դեպքերում էլ լավ օգտագործվում են Սերժ Սարգսյանի քաղաքական հակառակորդների և «գահի հավակնորդների» կողմից:
Սակայն կոնսոլիդացիոն կոչերը հնչեցնելուց հետո Սերժ Սարգսյանը հանկարծ կտրուկ շրջադարձ է կատարում և արտաքին քաղաքական թեմատիկայից անցում կատարում ներս ու կոշտ քննադատության ենթարկում կառավարությանը, բացասաբար գնահատում աշխատանքները և հանձնարարություններ տալիս գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին:
Այսինքն` իշխանությունները ոչ միայն չեն շեղում հասարակության ուշադրությունը դեպի արտաքին հարցեր, այն էլ` այսպիսի կարևորագույն և պատեհ առիթով, այլև հակառակն են անում՝ կենտրոնացնում են ուշադրությունը ներքին խնդիրների վրա:
Այստեղ, իհարկե, կարող է լինել նաև պահ, որ միգուցե իշխանությունները արտաքին հարցերից են շեղում հասարակությանը, քանի որ այստեղ ակնհայտորեն տեղի են ունենում ոչ հայանպաստ զարգացումներ, իսկ իշխանությունն էլ պարզապես ի զորու չէ պատասխան տալ այդ կապակցությամբ հասարակական հարցադրումներին:
Այս պայմաններում իշխանության համար, իհարկե, գերադասելի է ներքին թատերականացված տեսարանների շնորհիվ կանխել անցանկալի հարցադրումները արտաքին կարևոր խնդիրների կապակցությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, իրավիճակը կարող է պայմանավորված լինել այլ հանգամանքներով: Մասնավորապես` միգուցե արտաքին ոլորտում կանգնելով լուրջ խնդիրների առաջ` Սերժ Սարգսյանն ի վերջո զգում է Ռոբերտ Քոչարյանի օգնության կարիքը և հող է նախապատրաստում նրան վարչապետի պաշտոնին վերադարձնելու համար: Իհարկե, սա ամենաքիչ հավանական սցենարներից է, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը մտադիր չէ իշխանությունն ընդհանրապես թողնել Ռոբերտ Քոչարյանին:
Միաժամանակ, կա նաև մեդալի հակառակ երեսը, և պակաս հավանական չէ, գուցե նաև զգալիորեն ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանն արտաքին պատեհ առիթից օգտվելով` փորձում է ներքաղաքական ոլորտում կատարել քայլեր, որոնց շնորհիվ կկարողանա չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն իշխանության մեջ, իսկ եթե Քոչարյանը որոշի լրջորեն դիմադրել, պարզապես մեղադրել նրան իրավիճակի ապակայունացման մեջ:









































