Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում աշխատելու համար նախապատրաստել է 112,000 մարդու: Այս մասին հայտարարել է կոալիցիայի նախընտրական շտաբի պետ Դավիթ Սագանելիձեն:
Վերջինիս խոսքերով՝ այդ անձինք ընտրությունների օրը բոլոր 3648 ընտրատեղամասերում հետևելու են քվեարկության գործընթացին՝ բացառելու համար ընտրակեղծումները: Ընդ որում, նրանք այդ գործընթացին հետևելու են թե՛ քվեարկության շենքի ներսում, թե՝ դրա մերձակայքում:
Բացի այդ, նրանք ուղեկցելու են հանձնաժողովների կողմից քվեատուփերի տեղաշարժին՝ կեղծված կամ ավելորդ քվեաթերթիկների լցոնումը կանխելու համար: Սագանելիձեն հավելել է, որ իրենց նախապատրաստած անձինք տեսախցիկների օգնությամբ անդադար հետևելու են, թե ինչպես են ընտրողները քվեաթերթիկը գցում քվեատուփի մեջ՝ այսպես կոչված «կարուսելը» բացառելու համար՝ ընդգծելով, որ հատուկ սերվերի օգնությամբ կարելի է այդ տեսանյութերում բացահայտել նույն ընտրողների դեմքերը:
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կա 3,613,747 ընտրող: Սակայն վրացական ընդդիմությունն այդ թիվը համարում է արհեստականորեն ուռճացված:









































