Երեկ երեկոյան սիրիական իշխանություններին հաջողվել է ազատբանակայիններին փոքր-ինչ դուրս բերել Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց հալեպահայ, «Վիլաներ» թաղամասում բնակվող Րաֆֆի Մերջանյանը՝ անդրադառնալով Հալեպի հայաշատ թաղամասերում այս օրերին տիրող վիճակին:
Նա նշեց, որ նախորդ օրերի համեմատությամբ, այսօր Նոր գյուղ թաղամասում ավելի խաղաղ է, ազատբանակայինները քիչ-քիչ դուրս են մղվում թաղամասից: «Բայց դեռ բավական շատ ազատբանակայիններ կան, իշխանական զորքերն էլ Նոր գյուղում են»,- տեղեկացրեց հալեպահայը՝ շարունակելով, որ Նոր գյուղից համեմատաբար ավելի ապահով թաղամասեր փախած հայերը դեռ իրենց բնակարաններ չեն վերադառնում: Նրա համոզմամբ՝ սպասում են, որ ստեղծված վիճակը, խաղաղությունը հաստատվի: Հալեպահայը հերքեց տեղեկությունները, թե այդ թաղամասում ամբողջ գիշեր տոնել են իշխանության գրանցած տեղային հաղթանակը:
Րաֆֆի Մերջանյանն ասաց, որ իրավիճակի փոփոխություն չկա «Վիլաներ» թաղամասում, այստեղ են լցվում փամփուշտներ, ռմբակոծության ձայները լսվում են ամբողջ թաղամասում:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ազատբանակայինների կողմից Գոգո անունով մի հայ է սպանվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սպանված երիտասարդի անունը Կոկո Ղազարյան է, ով զոհվել է ընդդիմադիր ազատբանակային դիպուկահարի արձակած գնդակից:








































