Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հակաամերիկյան չարտոնված ցույցի մասնակիցներից մեկը զոհվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա զոհվել է որսորդական հրացանից արձակված կրակոցից:
Երկրի կառավարության ջանքերը՝ վերահսկողության տակ պահել իրավիճակը, հաջողության չեն հասնում: Կահիրեի ոստիկանությունը կոշտ միջոցներով ետ է մղել ցուցարարներին դեսպանատան շենքի մոտից և բետոնե պատնեշ է դրել: Արդյունքում, բախումները շարունակվում են հարևան փողոցներում:
Բախումներ են տեղի ունենում նաև Ալեքսանդրիա քաղաքում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտ: Սինայում ցուցարարները ներխուժել են Եգիպտոսի և Իսրայելի միջև հաշտության պայմանագիրը վերահսկող միջազգային խաղաղապահների բազա:
Հիշեցնենք, որ անկարգությունների և բողոքի ակցիաների տեղիք է տվել ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը:









































