Սիրիայում մեկուկես տարի շարունակվող ճգնաժամի դասերը վկայում են, որ ուժային ճանապարհով հակամարտության լուծումը հնարավոր չէ, և այլ լուծում, քան խաղաղ տարբերակն է, չկա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կարծիք է հայտնել սիրիացի անկախ քաղաքագետ, մարդու իրավունքների փորձագետ պրոֆեսոր Ջորջ Ջաբուրը:
«Հակամարտության մեկուկես տարվա առաջին դասն այն է, որ դրանում կողմերից մեկի ռազմական հաղթանակ հնարավոր չէ: Բացի այդ, այն անընդունելի է միջազգային մակարդակում: Ռուսաստանը թույլ չի տա կառավարական ուժերի ռազմական պարտությունը, իսկ Արևմուտքը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը՝ նրանց հաղթանակն ընդդիմության նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում արյունահեղությունը կշարունակվի: Իսկ դա, ցավոք, ընդունելի է միջազգային հանրության համար»,- կարծում է սիրիացի փորձագետը:
Նրա կարծիքով՝ Սիրիայում շարունակվող արյունահեղության գլխավոր պատասխանատվությունն ընկնում է արևմտյան երկրների կառավարությունների վրա, որոնք «օգնություն են ցուցաբերում ընդդիմադիրներին միայն այն չափով, որքանով հնարավոր կլինի շարունակել սպանել, բայց ոչ նրանց հաղթանակի համար»:
«Երկրորդ եզրակացությունը, որը հետևում է առաջինից. քանի որ շուտով բռնությունը հաջողություն չի բերի ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմին, ապա նշանակում է, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղ լուծում գտնել»,- ասել է պրոֆեսորը: Այն հարցին, թե որքան շուտ հնարավոր կլինի սկսել քաղաքական գործընթացը, նա նշել է, որ այն չի կարելի հետաձգել, «պետք է սկսել այսօր»:
«Կարծում եմ՝ հակամարտության երկու կողմերն էլ պատրաստ են դրան»,- ասել է նա:
Փորձագետի խոսքերով՝ նոր ժողովրդավարական կառավարման համակարգի անցնելու համար քաղաքական գործընթացը անհրաժեշտ է սկսել անցումային մարմնի ստեղծումից: Սակայն նրա անդամներին պետք է նշանակի ո՛չ նախագահը, ո՛չ «Բաաս» կուսակցությունը, ո՛չ էլ այն ուժերը և շարժումները, որոնք այսօր ձևավորում են Սիրիայի քաղաքական քարտեզը, այդ թվում՝ դրսում տեղակայված Սիրիայի ազգային խորհուրդը:
«Այդ կառավարությունը պետք է հավաքվի նախագահի ղեկավարությամբ, սակայն որոշումները պետք է կայացվեն ձայների մեծամասնությամբ: Ոչ ոք, այդ թվում՝ նախագահը, դրանում չպետք է վճռորոշ ձայն կամ վետոյի իրավունք ունենա»,- ասել է քաղաքագետը: Դա, նրա խոսքերով, թույլ չի տա այդ մարմինն անվանել ոչ լեգիտիմ: Նախագահը կմնա նախագահ, նախկինի պես կլինի բոլորից բարձր, բայց «ընդամենը մեկ սանտիմետրով»: «Եթե ամեն ինչ մնա ինչպես որ կա, դա աղետ է»,- ասել է Ջաբուրը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում հակամարտության զոհ է դարձել շուրջ 17 հազար մարդ:







































