Ավստրալիայի ամենախոշոր քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ չարտոնված բողոքի ակցիայի թշնամաբար տրամադրված մասնակիցներին ցրելու համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Սիդնեյում շուրջ 1000 զայրացած մուսուլմաններ հավաքվել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտ՝ իրենց բողոքը հայտնելով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Ցուցարարները իրենց ձեռքին ունեցել են արաբերեն և անգլերեն գրություններով պաստառներ՝ «Մեր մահացածները դրախտում են, իսկ ձերը՝ դժոխքում», «Կտրեք նրանց գլուխները, ովքեր վիրավորում են մարգարեին» կարգախոսներով: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են ներխուժել հյուպատոսության շենք, սակայն դուրս են մղվել ոստիկանության կողմից: Ակցիայի որոշ մասնակիցներ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա շշեր և քարեր են նետել: Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանների շրջանում կան վիրավորներ:
Այնուհետև ցուցարարները շարժվել են Հայդ պարկ, որտեղ շարունակել են բացականչել հակաամերիկյան կարգախոսներ՝ կոչ անելով պատժել ֆիլմի հեղինակներին: Այս պահին Սիդնեյի կենտրոնական փողոցներում երթևեկությունը փակ է: Քաղաքի կենտրոնը հսկում են ոստիկանության ուժեղացված ջոկատները:








































