Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` տխրահռչակ Ռամիլ Սաֆարովը միավորել է ադրբեջանական իշխանություններին և ընդդիմությանը, որոնք ոչ վաղ անցյալում հանդես էին գալիս միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված դիրքերից:
Մասնավորապես, Ադրբեջանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունները Եվրախորհրդարանին ուղղված համատեղ դիմում են ստորագրել` կապված ԵԽ-ում Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հետագա ներումը դատապարտող բանաձևի ընդունման հետ:
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները կարծում են, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը «օբյեկտիվ չէ և աշխարհում երկակի ստանդարտների կիրառման վառ ապացույց է»: Նրանք համարում են, որ Եվրախորհրդարանն այդ բանաձևն «ընդունել է» հայկական լոբբիի ազդեցության տակ:
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները ցանկություն են հայտնել, որ Եվրախորհրդարանն ու մյուս միջազգային կառույցներն իրական քայլեր ձեռնարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Եվրախորհրդարանին ուղղված ուղերձի տակ ստորագրել են իշխող «Ենի Ազերբայջան» և հիմնական ընդդիմադիր` «Մուսավաթ», «Ադրբեջանի ժողովրդական ճակատ», ինչպես նաև «Ադալյաթ», «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ», «Ադրբեջանի ազգային անկախություն», «Ադրբեջանի լիբերալ», «Ադրբեջանի դեմոկրատական», «Քաղաքացիների ու զարգացման» և այլ կուսակցություններ:







































