Իսպանիայում անշարժ գույքի գները 2012-ի երկրորդ եռամսյակում ռեկորդային անկում են գրանցել՝ կապված երկրի տնտեսության թուլացման և հիպոթեկային վարկավորման ծավալների կրճատման հետևանքով տների պահանջարկի նվազման հետ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Իսպանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներին:
Ապրիլ-հունիս ամիսներին անշարժ գույքի գնանկումը կազմել է 14,4 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչն ամենազգալի կրճատումն է 2008-ից ի վեր, երբ սկսեցին հետևել անշարժ գույքի գների տվյալներին:
Անշարժ գույքի արժեքի նվազումը այս տարվա առաջին եռամսյակի համեմատ կազմել է 3,3%: Հունիսին հիփոթեկային վարկավորման ծավալը կրճատվել է 20,4 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատված համեմատ:
Իսպանիայի տնտեսությունը վերջին 3 տարում ռեցեսիայի մեջ հայտնվում է արդեն երկրորդ անգամ: Երկրի կառավարության կանխատեսումներով՝ Իսպանիայի ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 1,7 տոկոսով:












































